Մեր դպրոցը

«Երևանի հ. 195 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1988 թվականին: Գտնվում է Աջափնյակ համայնքում`Մազմանյան 5ա հասցեում: Հիմնադրման օրվանից դպրոցի տնօրեն է նշանակվել Արտավազդ Սամվելի Վահրամյանը: 2011թ. օգոստոսից մինչ օրս դպրոցը ղեկավարում է Անահիտ Ռուբենի Պողոսյանը: Իր տնօրինության ժամանակահատվածում տիկին Պողոսյանը` որպես փորձառու մանկավարժ և հմուտ ղեկավար, հասել է մեթոդամանկավարժական և կազմակերպչական լուրջ հաջողությունների: Կրթության ոլորտում ներդրված փոփոխությունների հետ կապված` 2009 թվականից դպրոցը գործում է որպես ավագ դպրոց: Պետք է ասել, որ այն առաջիններից էր Երևան քաղաքում գործող ավագ դպրոցների մեջ: Իր գործունեության մեջ կրթությանը զուգահեռ դպրոցը կարևորում է անկախ պետության հպարտ քաղաքացու դաստիարակության հարցը: Դպրոցում գործող աշակերտական խորհուրդը ակտիվորեն համագործակցում է մանկավարժական և ծնողական խորհուրդների հետ: Կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, վիկտորինաներ, մրցույթներ: Դպրոցն իր առաջնահերթ խնդիրներից է համարում մատաղ սերնդի ֆիզիկական և ռազմահայրենասիրական դաստիարակության հարցը: Դպրոցն իր գոյության 30 տարիների ընթացքում տվել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնք սովորել են մայրաքաղաքի տարբեր բուհերում և աշխատում են գիտության, կրթության, արվեստի, սպորտի, առողջապահության և այլ բնագավառներում: